Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանում երեկոն քնարերգական էր (ֆոտոշարք)
ՄՇԱԿՈՒՅԹ«Ասում են՝ անհիշելի ժամանակներում մի աղքատ տղա սիրահարվում է արքայադստերը: Բնականաբար, աղջկա ծնողները դեմ էին նրանց սիրուն: Մի անգամ տղան որոշում է նամակ գրել աղջկան, և ձեռքի տակ ունենում է միայն աղջկա շա՜տ փոքրիկ թաշկինակը, որով սրբում էր իր արցունքները: Հենց այդ թաշկինակի վրա էլ տղան իր արյունով գրում է աշխարհի ամենակարճ բանաստեղծությունը, և այդպես սկիզբ է առնում պոեզիան»,- Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի բեմից պատմում է «ԱՍՊԱՐԵԶ» թատրոնի բեմադրող ռեժիսոր, գրող-հրապարակախոս Սամվել Բեգլարյանը՝ «Պոեզիա, դու ճախրող երազ» խորագրով քնարերգության երեկոյին, որը նվիրված էր Եղիշե Չարեցնի ծննդյան 125-ամյակին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեին ունկնդրելու «ԱՍՊԱՐԵԶ» թատրոնի առաջատար դերասանուհի, Մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր Նաիրա Աբրահամյանի ասմունքը:
«Ճիշտ է, երեկոն Չարենցի ծննդյան 125-ամյակին էր նվիրված, բայց մենք ծրագրում ներառել էինք հայ գրողներից շատերի գործերը, քանի որ մեր հանդիսատեսը քիչ է առիթ ունենում շփվելու պոեզիայի հետ: Իրականում, այս երեկոն ավելի շուտ պետք է կայանար՝ պոեզիայի միջազգային օրը, բայց ես վստահ եմ, որ պոեզիան սիրողների համար ամեն օրն է տոն, և նրանք նույնչափ հաճույք ստացան»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը:
Հանդիսատեսն առաջին անգամ բեմում տեսնելու հնարավություն ուներ նաև հենց Մշակույթի կենտրոնի տնօրենին.
«Բեմ բարձրանալու որոշմանս պատճառը զինվոր տղաս է: Փորձում եմ մտքերս հնարավոր բոլոր ձևով զբաղեցնել, արդյունքում՝ հանդիսատեսը բացահայտեց նաև քանոնահարուհի Սոնյային»,- նշում է Սոնյա Զուրաբյանը:
Երեկոյի երաժշտական ընդմիջումներն ապահովում էին կենտրոնի «Սոսե» (գեղ. ղեկավար՝ Կարինե Ջիլավյան) և «Վերածնունդ» (գեղ. ղեկավար՝ Ինեսա Ասատրյան) պարային համույթները, ինչպես նաև՝ «Սինկոպա» (գեղ. ղեկավար՝ Սոնա Ղարդյան) երգի խումբը:
Մարիամ Նալբանդյան
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի