Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել վարչապետին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր Կառավարության շենքի առջև էին՝ բարձրաձայնելու այս պահին իրենց անհանգստացնող խնդիրները:
Մասնավորապես, 20 օրից ավելի է՝ վրացական կողմը թույլ չի տալիս իրենց մեքենաները գնան դեպի ՌԴ.
«Մեզ ընդունեց Հայկ Սիմոնյանը՝ դիմումների ներկայացման բաժնի պետը, և ասաց, որ վարչապետի անունով դիմում ներկայացնենք: Մենք կարճ շարադրեցինք մեր խնդիրը և դիմումն ուղարկեցինք վարչապետին, խոստացան, որ շուտ տեղ կհասնի, և Կառավարության առաջիկա նիստերին կքննարկեն այս հարցերը: Չնայած՝ Սիմոնյանը մեզ ասաց, որ հիմա էլ են քննարկումներ գնում, վարչապետը գիտի, որ առաջիկայում մրգի և բանջարեղենի արտահանումն է սկսվելու, և փորձում են ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց «Green Way Logistics» կազմակերպության ղեկավար Եվգենյա Կազումյանը:
Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական բեռնատարների մուտքը ՌԴ արգելվում է, Կազումյանը պատասխանեց.
«Մեզ պատճառներ չասացին, ընդամենը ընդունեցին և լսեցին մեր բողոքը: Անձամբ իմ կարծիքով՝ դա նաև քաղաքական բնույթ է կրում, որովհետև միայն հայկական, ռուսական և բելառուսական բեռնատարներն են կանգնած, իսկ թուրքերը, ադրբեջանցիները և այլազգի վարորդներն անարգել անցնում են սահմանը:
Վրացական կողմում նաև վճարներն են ավելացել, քսան օր և ավելի, եթե մեքենան կանգնում է իրենց տարածքում, նաև տուգանում են՝ անկախ նրանից, թե որն է կանգնած լինելու պատճառը»:
Մարիամ Նալբանդյան