«Հաց բերողին» տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն
ԻՐԱՎՈՒՆՔՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին, որը ձերբակալվել էր օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին, տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արթուրի եղբայրը` Արսեն Սարգսյանը:
Արսենի խոսքով` Արմավիրի մարզի Բյուրավան գյուղի իրենց բնակարան են այցելել ոստիկանության 6-րդ վարչության 9 աշխատակիցներ, որոնցից մեկն է համազգեստով եղել: «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը նույնպես կարողացել է զրուցել «Հետք»-ի լրագրողի հետ և ասել, որ իրեն ձերբակալում են: Եղբայրը, սակայն, տեղեկացրել է, որ Արթուրին տեղափոխել են առանց ձեռնաշղթաների:
Արթուր Սարգսյանի փաստաբանը` Տիգրան Եգորյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել` իր պաշտպանյալին ձերբակալել են, թե բերման ենթարկել: Նա տեղեկացրեց, որ գնում է Հատուկ քննչական ծառայություն, որից հետո կկարողանա մանրամասներ հաղորդել:
Արսեն Սարգսյանը նշեց նաև, որ մի քանի օր առաջ նույնպես գյուղ են այցելել ոստիկաններ, որոնք ներկայացել են որպես թաղայիններ և հարցուփորձ արել Արթուր Սարգսյանի մասին:
Դեպքի մասին հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: