«Կատաղած» հարսը բռունցքներով «հասել է սկեսուրի վրա». նա թույլ չէր տալիս մոտենալ 6-ամյա զավակին
ԻՐԱՎՈՒՆՔԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Անի Ա.-ի գործի դատական քննությունը:
25-ամյա Անիին մեղադրանք էր առաջադրվել սկեսուրին բռունցքներով հարվածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ըստ դատական ակտի՝ Անին ամուսնացել է 2009 թվականին՝ 17 տարեկան հասակում: Սկզբում քաղաքում են ապրել, հետո ամուսնու ծնողները վաճառել են քաղաքի տունը, տեղափոխվել են գյուղ:
Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Անին 1 որդի է ունեցել: Երեխան ներկայումս 6 տարեկան է ու սովորում է 1-ին դասարանում:
Ընտանեկան անհաշտ հարաբերությունների պատճառով Անին ու ամուսինը ամուսնալուծվել են 2015 թվականի մայիսին: Ամուսինն ու նրա ծնողները երեխային պահել են իրենց մոտ:
Շուրջ 1 տարի 8 ամիս իր երեխային չտեսած Անին որոշել է երեխային հանդիպել դպրոցում:
2016 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 11-ն անց 40-ի սահմաններում Անին գնացել է գյուղական դպրոց, որտեղ սովորում էր որդին:
Այդ նույն պահին թոռանը տուն տանելու նպատակով դպրոց էր գնացել նաև երեխայի տատիկը:
Ըստ դատական ակտի՝ այդ օրը ցուրտ լինելու պատճառով գյուղական դպրոցում դասերը շուտ են ավարտվել: Բայց առաջին դասարանցիներից մեկի ծննդյան օրն է եղել, այդ երեխայի մայրիկը տորթ է տարել դպրոց, դասարանում տորթ է հյուրասիրել երեխաներին:
Անին, մտնելով դպրոց ու իմանալով իր երեխայի դասասենյակի տեղը, դուռը բացել ու դասարան է մտել հենց տորթը կտրելու պահին:
Դասվարը, որ Անիին չէր ճանաչում, պահանջել է, որ նա դասարանից դուրս գա: Բայց Անին դասվարին չի լսել, երկար ընդմիջումից հետո որդուն տեսնելով՝ ցանկացել է մոտենալ, գրկել: Դա նրան չի հաջողվել. նրան խանգարել ու չի թողել երեխային մոտենալ դասարանում գտնվող սկեսուրը:
Նախկին հարսի ու սկեսուրի միջև վիճաբանություն է սկսվել առաջին դասարանցի երեխաների ներկայությամբ:
Տատիկը թոռնիկին իր առջև պահած ու մորից բաժանելով՝ դուրս է եկել դասասենյակից:
Անին նրանց հետևից դուրս է եկել միջանցք, հասել է նախկին սկեսուրին ու բռունցքներով 3-4 հարված է հասցրել սկեսուրի թիկունքին…
Դպրոցի տնօրենի «անմիջական միջամտությամբ» Անին հեռացել է դպրոցից:
Ընդհանուր իրավասության դատարանում Անի Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել նախկին սկեսուրին հարվածներ հասցնելու համար:
Նա հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինն ու նրա ծնողները երեխային պահել են իրենց մոտ, ինչի կապակցությամբ իր դիմումի համաձայն ներկայումս քաղաքացիական գործ է քննվում:
Անին ասել է, որ շուրջ 1 տարի 8 ամիս իր երեխային չէր կարողացել տեսնել, կարոտել էր: Որոշել է նրան տեսնել գոնե դպրոցում:
Երբ մտել է դասասենյակ ու տեսել է երեխային, ցանկացել է գոնե գրկել ու համբուրել նրան: Բայց երբ փորձել է մոտենալ երեխային, սկեսուրը կանգնել է իր ճանապարհին, արգելել է մոտենալ երեխային, սկսել է անպատվել իրեն երեխաների ներկայությամբ: Իրենք վիճել են:
Ինքը նորից է փորձել մոտենալ երեխային, բայց երեխան վախից ճչացել է:
Սկեսուրը երեխային իր առաջ բռնած ու իրենից հեռու պահելով՝ դուրս է եկել դասարանից: Այդ տեսնելով ու չկարողանալով զայրույթը զսպել՝ ինքը սկեսուրի հետևից դուրս է եկել միջանցք, «հասել է նրա վրա» և բռունցքներով մի քանի անգամ հարվածել է նրա թիկունքին:
Դպրոցի տնօրենի պահանջով ինքը դադարեցրել է հարվածները, ապա թողել-հեռացել է դպրոցից…
Դատարանը Անի Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի: