Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված։ Ասաց․ «86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»։ Ապա կրկնեց այն միտքը, թե ՀՀ բոլոր կառավարություններն անցյալում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Իսկ ես ավելի եմ կոնկրետացրել՝ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քառ․ կմ տարածքային ամբողջականությունը․․․ Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,- ասաց նա։ Իսկ ժամանակին, հիշեցնենք, հայտարարում էր․ «Առանց Արցախի չկա Հայաստան», եւ «Պաշտպանել Արցախի ժողովրդի (ինքնորոշման) իրավունքը՝ նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը»։