Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին օրերին առվազն 42 մարդ է զոհվել Հայիթիում հեղեղումների եւ սողանքների պատճառով, երեքշաբթի՝ հունիսի 6-ի գիշերը տեղեկացրել են տեղի իշխանությունները։ Եվս 11 մարդ, տեղի փրկարարների տվյալներով, համարվում են անհետ կորած։
Մի քանի օր առաջ սկսված անձրեւներն առաջ են բերել հեղեղումներ եւ փլուզումներ երկրի 10 շրջաններից 7-ում, նշել է AFP գործակալությունը։ ՄԱԿ տվյալներով՝ տուժել է 37 հազար մարդ, 13 հազարից ավելի մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։
Հատկապես տուժել է Լեոգան քաղաքը, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից՝ Պորտ- օ-Պենսից 30 կիլոմետր արեւմուտք ։ Այնտեղ ափերից դուրս են եկել 3 գետեր եւ, տեղի իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 20 մարդ։ Քաղաքապետ Էրնսոն Անրին տեղեկացրել է, որ հուսահատության մեջ գտնվող բնակիչները կորցրել են արդեն ցանված դաշտերն ու անասուններին։ Լեոգանում պարենի, ջրի եւ դեղանյութերի անբավարարություն կա։