«Բրնձով ճաշ էր, դժվար թունավորվեին». դպրոցի տնօրենը կարծում է՝ երեխաներն արևահարվել են
ԻՐԱՎՈՒՆՔԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի 9 աշակերտ երեկ տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Թե ինչ էր տեղի ունեցել և ինչն էր երեխաների՝ հիվանդանոց տեղափոխելու պատճառը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել նաև Գյուլագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մարինյանից:
Տնօրենի խոսքով՝ դպրոցի 153 երեխա ճաշ է կերել դպրոցի ճաշարանում՝ նույն կաթսայից. «4-րդ դասարանի երեխաներից չորսը ուսուցչուհու հետ միասին մոտեցան ինձ, ասացին՝ լավ չեն զգում իրենց, թունավորվել են, գլուխներն է ցավում և փորիկները: Ծնողներին կանչեցի, տարանք հիվանդանոց: Մյուս դասարաններից ոչ ոք վատ չի զգացել իրեն»:
Գառնիկ Մատինյանը հակված է այն մտքին՝ որ երեխաներն արևահարվել են. «Բրնձով ճաշ էր, դժվար թունավորվեին, բայց՝ ով գիտե...: Քանի որ դասամիջոցին 15 րոպե խաղ են արել դրսում, կասկածում ենք, որ կարող է՝ արևահարվել են, կարող է՝ կերակուրը թթվել է երեխաների վրա՝ դրսի խաղից կամ ջրի հետևանքով: Հիմա փակել եմ խոհանոցը, սննդի պահեստը, սանէպիդկայանը ուսումնասիրում է, ինձ մինչև երկուշաբթի կասեն պատճառը, և մենք կվերացնենք խնդիրները»:
Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը նշեց նաև, որ այժմ հիվանդանոցում երկու երեխա կա, որոնք անալիզներ են հանձնում, մյուսներն արդեն դուրս են գրվել: