Ծանոթ ու միաժամանակ անհայտ…Զինգեր կարի մեքենա
ՖՈՏՈԶինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չունի: Այդ մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում Զինգերը չի հայտնագործել կարի մեքենան: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ: Զինգերն ուղղակի վերցրել է այդ ամենը և կատարելագործելով մեխանիզմները ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաներն առանձնանում էին նրանով, որ նրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու մեթոդը: Սակայն 1814 թվականին ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծել է ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, ՈՒոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և այլ գյուտարարներ սկսել են աշխատել թելելու անցքն ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային մեքենայի ստեղծման ուղղությամբ: 1830 թվականին Բարտելեմի Տիմոնյեն ստացել է կարի մեքենայի առաջին արտոնագիրը և բացել աշխարհի առաջին մեխանիզացված կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում Էլիաս Հոուն մշակել է մաքոքային առանցքը և ստացել այդ մեխանիզմով աշխատող կարի մեքենայի արտոնագիր, որը աշխատել է րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունը եղել է այն, որ ասեղը հորիզոնական է տեղաշարժվել, իսկ կարվող գործվածքները շարժվում էին ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ են առաջանում: 1850 թվականին Վիլսոնի, իսկ ավելի ուշ՝ 1851 թվականին, Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն ասեղն ուղղահայաց է շարժվել և հարմարեցված է եղել հատուկ սարք՝ ոտքով կտորը հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: 1850 թվականից Զինգերն աշխատել է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման արհեստանոցում, որտեղ էլ բացահայտվել է նրա գյուտարարական տաղանդը: Նա նորարարություններ է կատարել և կատարելագործել կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է Զինգերի կարի մեքենայի նախատիպը: Այնուամենայնիվ 1851 թվականին հայտնվել է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան, շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր նյու-յորքյան իրավաբան Կլարկի համագործակցության: Կլարկը սկզբից եղել է ուղղակի երրորդ գործընկերը: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ, բարելավվել է դիզայնը, իսկ մեքենան դարձել ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված կար անող: Ռուսաստանում Զինգերի առաջին կարի մեքենաների արտադրություն սկսվել է Պոդոլսկում 1902 թվականին, և որը շարունակվել է անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ, և դա եղել է Զինգերի գործարանի մասնաճյուղը, բայց ի վերջո այդ մեքենաներն են հայտնի եղել մեր տատիկներին և մայրերին:
Կ. Խաչիկյան