Կոմիտեն նախագահ չունի, բայց բյուջեից փող են ստանում. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախագահ չունի: Այս հաստիքը թափուր է դեռ անցյալ տարվանից: Կոմիտեն, սակայն, ունի աշխատակազմ, պետբյուջեից էլ գումար է ստանում: Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Վարչապետի այցից հետո առկա է ընդամենը երկու հաղորդագրություն, որից մեկը հուլիսի 10-ից 14-ը Երեւանում տեղի ունեցած «2-րդ եւ 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման կիրառումը» խորագրով աշխատանքային հանդիպման մասին է, իսկ մյուսն էլ 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին hամաձայնագրին է վերաբերում: Հետաքրքիր է` ինչու կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի:
Կադրային խնդի՞ր է, թե՞ անուշադրության են մատնում այս կարեւորագույն առաքելությամբ կառույցը: 2022 թվականի բյուջեով Միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321 մլն դրամ: Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում