Լուվրը, «անվտանգության նկատառումներից ելնելով», փակել է իր դռներն այցելուների համար (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Փարիզի Լուվրն այսօր որոշել է փակել իր դռները այցելուների առջև։ Հայտնել է թանգարանի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ այն փակվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին բարձրացրել էր ահաբեկչության առավելագույն տագնապը Արաս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով ուսուցիչ էր մահացել:
«Հարգելի այցելուներ, անվտանգության նկատառումներից ելնելով, Լուվրի թանգարանը փակում է իր դռներն այսօր՝ շաբաթ օրը, հոկտեմբերի 14-ին»,- նվում է թանգարանի X-ի միկրոբլոգում։
Նշվում է, որ այց պատվիրած քաղաքացիները կփոխհատուցվեն։
Թանգարանը փակվել է ռումբի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո։ Հայտնել է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է պալատը, կատարվում է հետաքննություն։
Տեսանյութն այստեղ
Հոկտեմբերի 13-ին 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր Ֆրանսիայի հյուսիսային Պա-դը-Կալե դեպարտամենտի Արաս քաղաքի Գամբետա լիցեի աշխատակիցների վրա։
Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել։
Նա ներառված է ահաբեկչական հարձակումները կանխելու համար հսկվող արմատական իսլամիստների, ինչպես նաև պետական անվտանգությանը վտանգ ներկայացնող անձանց ցուցակում: