Բառնաուլ թռչող ինքնաթիռում ուղեւոր է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայից Բառնաուլ ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, կինը մահացել է. հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական գլխավոր վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ի գիշերը Շերեմետևո-Բառնաուլ չվերթի ուղեւորը վատացել է, ինչի պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում։
«Թռիչքի ժամանակ կինը սկսել է խեղդվել, իսկ օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել՝ շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, վայրէջքի ժամանակ բորտուղեկցորդուհիները կատարել են անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրանք դրական արդյունք չեն տվել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել, ժամանած շտապօգնության խումբը հաստատել է կնոջ մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ վարչությունը նախաքննություն է կազմակերպել։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի համար պարզաբանել է Կոլցովոյի մամուլի ծառայությունը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ինքնաթիռում, մահացածը 49 տարեկան էր։