ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտի օր), Վրաստան՝ Սուրբ Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր Հովհաննես Լազարյանը:
1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը:
1902 - ծնվել է դերասան Բաբկեն Գաբրիելյանը:
1907- վախճանվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը:
1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։
1920– Համազասպ Օհանջանյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել և կազմվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը կոալիցիոն էր էսեռների հետ։
1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը:
1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը:
1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիելյանը:
1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը:
1950 - ծնվել է դերասան, հաղորդավար և թարգմանիչ Արտավազդ Եղոյանը:
1956 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:
1974- վախճանվել է ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը:
1976- վախճանվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):
1988 —կապված հայ-ադրբեջանական էթնիկ բախումների հետ Բաքվում, Կիրովաբադում և Նախիջևանում մտցվել է արտակարգ դրություն:
1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի նախատեսվել է ստեղծել «Հայաստանի ֆրանսիական համալսարան»:
1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը:
1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը:
2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։
2001- վախճանվել է ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:
2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ Նաիրիտը, դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով:
2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը:
2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:
2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում, հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:
2020-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:
2022-Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին հռչակագիրը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
955 – վախճանվել է Անգլիայի թագավոր Էդրեդը, որը հանդիսացել է սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ:
1202 —ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքն էր, որ խաչակիրները հարձակվել էին կաթոլիկ քաղաքի վրա:
1492 —Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների գույքը պատկանում է իսպանական գահին:
1527 —ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին:
1793 —Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները:
1852 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը:
1906-Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:
1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվել է մահապատիժ:
1918-Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին:
1921 —ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգն արգելել է բժիշկներին որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»:
1923-Յակոբ Շիկն արտոնագրել է էլեկտրական սափրիչը:
1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։
1934 —Ամերիկայի և եվրոպայի ավտոճանապարհներին ճանապարհը նշագծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերվաած լուսաանդրադարձիչները:
1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած եռյակ դաշինքին:
1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսն ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։
1954 - Ջեներալ Մոթորսն արտադրում է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:
1962 - ծնվել է վենեսուելցի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն:
1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի Մայլի Սայրուսը։
1980 —իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 4800 մարդ է զոհվել:
2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել:
2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։
Կ. Խաչիկյան