Եթե սա չվերջանա, խնդրում եմ, ոտքի հանիր բոլորին.Բաքվում ձերբակալված Մարատ Գալուստյանի հեռախոսազրույցը քրոջ հետ
ՎԻԴԵՈԲաքվում ձերբակալված հայազգի Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը հրապարակել է եղբոր հետ վերջին՝ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցը՝ գրելով, որ այլևս չի կարող սպասել դատարանի որոշմանը:
«Եթե ես ապրիլի 9-ին տուն չգնամ, ինձ մոտ նյարդային խանգարումներ կլինեն: Ես ինձ շատ վատ եմ զգում: Դիմանում եմ, քանի որ հույս ունեմ, որ այս ամենը կվերջանա: Եթե սա չվերջանա, Մարիաննա, խնդրում եմ քեզ, ոտքի հանիր բոլորին, ասա ինչ ուզում ես, ես քեզ շատ եմ խնդրում, որովհետև ես արդեն այս ամենը տանել չեմ կարողանում: Սա մարդկային չէ: Ես չեմ կարող այստեղ մնալ, սա իմ տեղը չէ»,-պատմել է Մարատ Գալուստյանը՝ քրոջը խոստովանելով, որ իրեն Բաքվի բանտում ծեծել են:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում: