United Airlines-ը կվերադարձնի տոմսերի գումարը սկանդալային չվերթի բոլոր ուղևորներին (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԱմերիկյան United Airlines ավիաընկերությունը որոշել է վերադարձնել տոմսերի գումարը ծանրաբեռնված 3411 չվերթի բոլոր ուղևորներին, որոնք ականատես են եղել ուղևորին ինքնաթիռից բռնությամբ դուրս բերելու տեսարանին: Այդ մասին ավիափոխադրողը հայտնել է USA Today-ին:
Ապրիլի 12-ին United-ի գլխավոր տնօրեն Օսկար Մունյոսը հերթական անգամ ներողություն է խնդրել միջադեպի համար: Ընկերության ղեկավարի խոսքով՝ նա ամաչում է տեղի ունեցածի համար: Նա խոստովանել է, որ United-ն այլևս ուժով չի հանի տոմս ունեցող ուղևորներին:
Մունյոսը նաև հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ավելի վաղ համացանցում հայտնվել է խնդրագիր՝ United-ի ղեկավարության հրաժարականի պահանջով, այն ստորագրել է ավելի քան 60 հազար մարդ:
United Airlines-ի ինքնաթիռում միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Ընկերությունը չափից շատ տոմս է վաճառել և լրացուցիչ փոխհատուցման դիմաց առաջարկել է մի քանի ուղևորների դուրս գալ ինքնաթիռից:
Կամավորներ չեն հայտնվել, և այդ ժամանակ ընկերության մենեջերն ինքն է ընտրել մարդկանց, ովքեր պետք է դուրս գան ինքնաթիռից: Նրանցից մեկը՝ բժիշկ Դևիդ Դաոն, հրաժարվել է՝ նշելով, որ նա անպայման պետք է թռչի, քանի որ իրեն սպասում են հիվանդները:
Դաոյին ուժով հեռացրել են ինքնաթիռից: Տեսանյութը, որտեղ նրան բռնությամբ ձեռքերից և ոտքերից բռնած դուրս են հանում ինքնաթիռից, մեծ տարածում է գտել համացանցում: Սոցիալական ցանցերում United-ը քննադատության ալիքի է ենթարկվել: