Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարում են Ադրբեջանից գազ գնելու մտադրության և դրա հավանականության մասին։ Թունյանը հայտարարում է, որ էներգառեսուրսը պետք է գնել այնտեղից, որտեղից մատչելի է։
Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ Արբեջանից գազ գնել հնարավոր չէ։ Դիտարկմանը, որ դրա մասին ԱԺ նախագահի մակարդակով է հայտարարվում, Մանվելյանն ասաց․
«ԱԺ նախագահն այդ թեմայից չի հասկանում, ցույց է տալիս իր անգրագիտությունն ու դիլետանտիզմը»։
Ուղիղ հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չէ գազ գնել Ադրբեջանից, փորձագետը պատասխանեց․
«Նախ այդ գազն ադրբեջանական չէ, դրա ճնշող մեծամասնությունը պատկանում է «Բրիթիշ պետրոլիում» ընկերությանը։ Բացի այդ, գազի արդյունահանման մեջ ներառված է 40 միլիարդից ավելի գումար, և դա Ադրբեջանը չի ներդրել, հետևաբար այն պատկանում է ներդրողներին։ Ինչպես նաև՝ իրենք ունեն երկարատև պայմանագրեր Թուրքիայի և Եվրոպայի հետ, ուստի պարտավոր են այդ պայմանգրերը կատարել։ Առաջիկա 4-5 տարում իրենք պետք է այդ գազի արդյունահանումը մոտ 10 միլիարդով ավելացնեն, որ կարողանան այդ պայմանագրերը սպասարկել։ Կարևոր է նաև, որ այդ գազը Թուրքիայում և Եվրոպայում բավական թանկ գներով են վաճառում, Հայաստանն ի վիճակի չէ թանկ գներով գազ գնել։ Սա հիմա որպես արհետական թեմա նետվում է դաշտ, որ մարդիկ քննարկեն»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը մինչ նախագահ դառնալը հպարտանում էր, որ գործարար կապեր ունի «Բրիթիշ պետրոլիում» ընկերության հետ: Այս մասին մամուլը բազմիցս է գրել:
Սա այն ընկերությունն է, որը հանդիսանում է Միջին Ասիայից դեպի Եվրոպա՝ մեր տարածաշրջանով անցնող էներգակիրների մատակարարը, որը նաև պատերազմի ժամանակ էական աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին, սակայն հայկական զինված ուժերի կողմից, այդպես էլ թիրախ չդարձավ։