Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
«Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Հրետանային միջոցը կարող է 1 րոպեում 6 արկ արձակել։ Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված նոր ռազմատեխնիկական համաձայնագրին։ Նշվել է, որ «Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունն ու Մակրոնի բռնապետությունը»։
Բաքվի արձագանքը սկզբունքորեն կանխատեսելի էր, մնում է ենթադրել՝ արդյո՞ք այն կսահմանափակվի հռետորաբանության մակարդակում, թե՞ Ադրբեջանը դա որպես պատրվակ կօգտագործի, օրինակ, դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացը դադարեցնելու և շանտաժով Հայաստանին նոր զիջումների հակելու համար:
Հայաստանի սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիան, անշուշտ, ողջունելի է, սակայն խիստ կարևոր է, որպեսզի այս ընթացքում գտնվի նաև Ադրբեջանի «ձեռքը բռնող» միջազգային խաղացողը: Հակառակ պարագայում, Բաքվի մոտ մեծանալու է Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղությունը:
Վահրամ Բագրատյան