Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը Գիորգի Գախարիան պատասխանել է նորընտիր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասին հարցին։
«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Վրացական երազանք»-ի ոչ լեգիտիմ խորհրդարանին և վե՛րջ»,- հատուկ ճեպազրույցում ասել է Գախարիան։
Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը, գրում է ekhokavkaza.com-ը:
Գախարիային հարցրել են նաև Ռուսթավելի պողոտայում այսօր երեկոյան կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու մասին.«Բողոքի ակցիան շատ կարևոր է. Մենք կլինենք այնտեղ, որտեղ մեր ընտրողներն են, ինչպես եղել ենք մինչ այժմ և կլինենք ապագայում»:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը կարծում է, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։