Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու մեղադրանքներով երկու հոգի է կալանավորվել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչև հիմա երկու հոգի է կալանավորվել:
Նրանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն է, որը կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվել, ընդ որում, Արմավիրում նա հայտնի է որպես ՀՀԿ-ական, բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատող կեղծարար: Հիմա նրա դատավարությունն ընթանում է, թեև այս ընթացքում Կաղզվանցյանը գրավով ազատ է արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անազատության մեջ է ևս մեկ կեղծարար՝ Դավիթ Սիմոնյանը: Նա էլ եղբոր՝ Գոռ Սիմոնյանի անձնագրով էր քվեարկել Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամասում: Հետո կատարվածը բացահայտվել էր, ու հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նաև ազատ արձակվի Սիմոնյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: