Ընտրության օրվա, տեղի և ժամանակի մասին քաղաքացիներին ծանուցելու համար ծախսվել է 288 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը ապրիլի 28-ին կոմերցիոն փոստային ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Համբարձումյանի և «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Ավագյանի կողմից կնքված պայմանագիրն արժեցել է 81 միլիոն 328 հազար 700 դրամ:
Պայմանագիրը կնքվել է մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից առաջ ընտրողներին ընտրության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցելու նպատակով: Գնման ժամանակացույցը սահմանվել է 2017 թվականի երկրորդ եռամսյակի առաջին ամիսը՝ ապրիլը, իսկ վճարման ժամկետը սկսվել է կրկին ապրիլ ամսից և ձգվել մինչև տարեվերջ: ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի ընտրողների թիվը 841 հազար 973 է: Եթե պայմանագրի գինը բաժանենք ընտրողների թվի վրա, ապա ստացվում է, որ մեկ ընտրողին ծանուցելու համար պետության միջոցներից հատկացվել է մոտ 100 դրամ (96 դրամ):
Նմանատիպ պայմանագիր է կնքվել նաև 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ: Ոստիկանության և «Հայփոստ»-ի նույն ներկայացուցիչների կողմից կնքված այդ պայմանագիրն էլ արժեցել է 207 միլիոն 70 հազար դրամ: ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը կազմել է 2 միլիոն 564 հազար 334 քաղաքացի: Այս ծանուցումներից ամեն մեկն արժեցել է 80 դրամ՝ 20 դրամով ավելի էժան, քան Երևանի ավագանու ընտրության ժամանակ:
Եթե ամբողջացնենք ընտրությունների օրերին ծանուցումների դիմաց կատարված երկու պայմանագրերի արժեքը, ապա կստացվի, որ այդ գործառույթն իրականացնելու համար «Հայփոստ»-ին վճարվել է 288 միլիոն դրամ գումար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: