Գյումրու պոլիկլինիկաներում դեղ չկա. հիվանդներին խորհուրդ են տալիս դիետա պահել. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու բնակիչներն ահազանգում են, որ քաղաքի պոլիկլինիկաներում ինսուլին չկա, շաքարային դիաբետով հիվանդներին բացատրում են, որ դեղը չի տրամադրվում Առողջապահության նախարարությունից, ու նաև խորհուրդ են տալիս մինչև դեղ լինելը խուսափել այնպիսի ուտելիքներից, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի տոկոսը:
Մեր հարցումները ցույց տվեցին, որ խնդիրը համատարած չէ: Գյումրու համար 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը հաստատեց, որ այս հաստատությունում դեղի պակասություն է զգացվել, բայց վստահեցրեց, որ դա տևել է շատ կարճ ժամանակամիջոց: Նա նկատեց, որ իրավիճակը հատուկ է աշխատանքային պրոցեսին:
«Նման բան բոլորի հետ էլ պատահում է, ամենօրյա աշխատանքային պրոցես է: Մենք, հիվանդների քանակից ելնելով, դեղի պլանավորման եռամսյակային հայտ ենք ներկայացնում: Բայց այդ եռամսյակի ընթացքում կարող է դիաբետով նոր հիվանդներ հայտնաբերվեն ու շատ: Այսինքն՝ դա մեր ակտիվ աշխատանքի արդյունքն է, որ կանխարգելիչ առումով պացիենտներին ստուգում ենք, հայտնաբերվում են նոր հիվանդներ, ու բնականաբար, իրենք բուժում են պահանջում: Արդյունքում՝ ստացվում է չնախատեսված պացիենտների հոսք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց համար 1 պոլիկլինիկայի տնօրենը:
Նա նշեց, որ երբ այս կամ այն դեղորայքը սպառվում է, անմիջապես դիմում են մարզպետարանի առողջապահության բաժին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: