Ջոն Հանթսմանի որդու՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան նշանակումը հիսթերիա է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ–ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը:
«Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ և շատ փորձառու է»,– ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար:
Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: