Բանգկոկում զբոսաշրջիկներին առաջարկում են վճարել 49 եվրո՝ մեկ գիշեր «բանտախցում» անցկացնելու համար (լուսանկար)
ՖՈՏՈԲանգկոկում զբոսաշրջիկների առաջ իր դռներն է բացել Sook Station անվանումով հյուրանոցը, որը ձևավորված է բանտային ոճով: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված յուրահատուկ հյուրանոցի ղեկավարությունը հոգացել է, որ ամեն ինչ լինի շատ բնական. տարածքը շրջափակված է փշալարերով, սենյակները նման են իսկական բանտախցերի՝ իրենց ճաղավանդակներով, իսկ հյուրերին տրամադրում են բանտային հագուստ:
Հյուրերին նաև հանձնում են նրանց «դատվածությունների» ցուցակը, որը կազմում է Sook Station-ի ղեկավարությունը:
«Բանտախցում» կա նաև լվացարան և զուգարանակոնք:
Այս ամենի համար զբոսաշրջիկներից պահանջվում է վճարել 49 եվրո՝ 2 անձի համար: