Ինչո՞ւ վարչապետն անտարբեր մնաց Խոսրովի անտառի հրդեհի մարման գործին. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն և ավյուն է ցուցաբերում: Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչև 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝ նշելու իր ծննդյան տարեդարձը:
Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաև կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլև կատարվածից մտահոգվելու որևէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»:
Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց և այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում:
Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից և «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում: Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են: Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի համակրանքը վայելող չինովնիկներից է, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարար:
Երկուսի հետ կապված էլ վարչապետը վերապահումներ ունի. Տոնոյանը նշանակվել է իրեն շրջանցելով, իսկ Մինասյանին նա վաղուց էր ուզում այլ թեկնածուով փոխարինել: Անգամ փորձ է արվել պոտենցիալ թեկնածուներին ՀՅԴ շարքերը մտցնել՝ քվոտայի հարցը լուծելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: