Հս. Կորեան մտադիր է մի քանի արբանյակ արձակել տիեզերք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան մտադիր է տիեզերք արձակել ևս մի քանի արբանյակ՝ այդ թվում նաև ստացիոնար, հայտնում է yonhapnews.co.kr կայքը:
Հյուսիսկորեական իշխանությունները լիահույս են, որ Փհենյանի 5-ամյա տիեզերական ծրագրի շրջանակում արբանյակների արձակումը «կնպաստի մարդկանց կյանքի բարելավմանը»:
«Որոշ երկրներ մանիպուլյացիաներ են իրականացրել ՄԱԿ-ի կողմից մեր դեմ սահմանված պատժամիջոցներով ու խանգարել երկրի տիեզերական ծրագրի զարգացմանը: Դրանք անթույլատրելի գործողություններ են»,- ասվում է իշխանությունների տարածած հայտարարությունում:
Պաշտոնական Փհենյանը նաև ընդգծել է, որ ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն՝ իրենք ևս տիեզերական ծրագրի զարգացման իրավունք ունեն:
Հիշեցնենք, որ տիեզերական ծրագրին զուգահեռ Հյուսիսային Կորեան զարգացնում է նաև միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչի պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել երկիրը: