«Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ». Լուսինե Բադալյանն այսօր տոնում է ծննդյան 38-ամյակը
ՎԻԴԵՈՄանրամասներիհամար՝ այստեղ
«Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ». Լուսինե Բադալյանն այսօր տոնում է ծննդյան 38-ամյակը
Լուսավոր, դրական, ժպտերես ու միշտ պոզիտիվ. այսօր հեռուստառադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը տոնում է ծննդյան 38-ամյակը: Ինչպես նախորդ անգամներն, այս տարի էլ Լուսինեի օրը տոն են դարձրել ընկերներն ու գործընկերները: BlogNews.am-ը զրուցել է հոբելյարի հետ օրվա անակնկալների, երազանքների ու ցանկությունների մասին:
Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ
Ծննդյանս անակնկալները սկսվել էին դեռ երեկվանից, երբ ընկերուհիներս ինձ ուղղակի հրավիրեցին ակումբ, որպեսզի երաժշտություն լսենք, ու կատակով ասացին՝ Նոր տարին էլ կդիմավորենք:) Գնացի, պարզվեց՝ այնտեղ ինձ անակնկալ էր սպասվում: Ամուսինս, Հայաստանում չլինելով, հասցրել էր ժամանակին վերադառնալ շրջագայությունից ու անել այնպես, որ օրս տուն դառնա: Ինձ շքեղ հրավառություն էր սպասվում, տորթ, շնորհավորանքներ բեմից, որոնք ինձ ստիպեցին հուզվել ու անգամ արտասվել:
Ուղիղ եթերում էի, երբ անակնկալ կերպով հայտնվեցին «Կենտրոն»-ի իմ գործընկերները
Օրն ինձ համար աշխատանքային է, չնայած անակնկալները դեռ շարունակվում են: Առավոտյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում էի, երբ հանկարծակի աչքովս ընկավ, որ եկել էին «Կենտրոն» հեռուստաընկերության իմ նախկին գործընկերները, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել ենք միասին: Հիմա տոնում ենք մեծ թիմով: Թենիսի սեղանը դարձրել էինք մեծ սեղան ու երկու կոլեկտիվներով նշում էինք: Հեռուստաընկերությունները, որոնք սովորաբար մրցակցում են, այսօր դարձել են մի ընտանիք, որ օրդ յուրահատուկ դարձնեն, ու երջանկությունդ կատարյալ լինի: Այս պահին էլ շտապում եմ ռադիո, որտեղ ևս, ենթադրում եմ, ինձ հարազատ մարդիկ կրկին անակնկալ պատրաստած կլինեն: Այնուհետև օրվա մնացած մասը պլանավորում եմ տանը երեխաներիս հետ անցկացնել, քանի որ անհամբեր ինձ են սպասում․ սա ավելի շատ նրանց համար է տոն, քան իմ:
Այս օրերին մի քիչ ընկճվում եմ
Անընդհատ դու ես կենտրոնում ու չգիտես ինչպես վարձահատույց լինել ու շնորհակալություն հայտնել, որ արժանացել ես դրան: Երևի այդ զգացողություններից է, որ ուզում ես այս օրը գոնե աննկատ մնալ, բայց չի ստացվում: Սա է երևի երջանկությունը, որ տարիներ շարունակ չես աշխատում մարդկանց հետ, բայց իրենք շարունակում են ծննդյանդ յուրաքանչյուր տարեդարձն այսպիսի տոն դարձնել: Այսպիսի անակնկալները նվերի հետ համեմատելն անչափ դժվար է ինձ համար: Շատ լուրջ չեմ վերաբերվում նվերներին։ Այս օրերին մի քիչ ընկճվում եմ․ համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել դեռ չեմ սովորել ու չգիտեմ՝ այդ ժամանակ ինձ ինչպես պիտի պահեմ, որ չհուզվեմ:
Ես ինձ շարունակում եմ զգալ 25 տարեկան
Տարիքն ինձ չի վախեցնում, ես ինձ շարունակում եմ զգալ 25 տարեկան, ու ինչպես Մարկեսն է ասել․ «Տարիքը զուտ ֆիզիկական կատեգորիա է»: Մարդն իրականում այն տարիքում է, որքան իրեն զգում է:
Իմ երջանկությունը կատարյալ է, ու ինձ ոչինչ չի պակասում
Ես համարում եմ, որ երջանկությունս լիարժեք է, ու որպես այդպիսին, պակաս ոչինչ չկա, որպեսզի ինձ կատարյալ երջանիկ զգամ: Ես ուղղակի ինձ ցանկանում եմ, որ եղածը կարողանամ պահպանել, որ հարազատ, սիրելի մարդկանցից որևէ մեկը չպակասի ու չհեռանա: Տարբեր հանգամանքներ են լինում կյանքում, ու ինչքան մեծանում ես, այնքան այդ հանգամանքները շատանում են: Հիմա երազանքի պես մի բան է, որ գոնե այն ամենն, ինչ ունեմ, կարողանամ պահպանել:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի