Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը». առողջապահության նախարար
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱռողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում:
Այս մասին նախարարն ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձոր ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդում» ու «Շենգավիթ» ԲԿ-ում:
«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարեց նախարարը:
Tert.am-ի դիտարկմանը, թե չէ՞ որ այդ մահացած ծննդկանների դեպքերն իր ղեկավարած համակարգին են վերաբերում, նախարարը հակադարձեց.
«Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:
Մեր հստակեցմանը, թե մահվան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:
Մյուս հարցերին նախարար Ալթունյանը հրաժարվեց պատասխանել՝ հավաստիացնելով, թե «ամեն ինչ լավ կլինի»:
Մարինե Խառատյան