Արարատի մարզի Վանաշեն գյուղում մահացած հայտնաբերված 13-ամյա Գագիկի դիակի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ եւ 10 փամփուշտ: Այս մասին NEWS.am-ին ասաց տղայի հարեւաններից Հրանտ Գրիգորյանը` նշելով, որ իրենք պայթյունի ձայնը լսելով դուրս են եկել եւ երեխային հայտնաբերել նրանց տան դիմաց արդեն մահացած վիճակում:
Հարեւանի խոսքով` դեռ պարզ չէ, թե 13-ամյա երեխայի մոտ ինչպես կարող էին հայտնվել պայթուցիկ նյութերն ու փամփուշտները: Մեր տեղեկություններով, իրավապահ մարմիններն արդեն խուզարկել տունը, որտեղ ապրել է նա եւ ոչինչ չեն հայտնաբերել:
NEWS.am-ի թղթակիցը Վանաշենից հաղորդում է, որ երեկվանից քննչական գործողություններ են կատարվում դեպքի վայրում:
Նշենք, որ փոքրիկ տղան բնակվում էր տատիկի եւ մոր հետ: Նրանք առողջական խնդիրներ ունեն, Գագիկն աշխատում էր եւ պահում նրանց:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին եւ քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել եւ դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։