Գյուղմթերքի գները մի քանի անգամ աճել են. փորձագետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳյուղմթերքի գները անցած տարվա համեմատ աճել են մի քանի անգամ, օրինակ, անցած տարի այս շրջանում կարտոֆիլի մեծածախ գինը եղել է 90 դրամ 1 կգ համար, իսկ այսօր՝ գրեթե 200 դրամ, եւ գնաճը շարունակվում է: Այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա հիշեցրեց, որ եթե անցած տարի կաղամբի 1 կիլոգրամն արժեր 50 դրամ, ապա այսօր՝ 350-400 դրամ, իսկ գազարի գին հավասարվել է բանանի գնին:
«Անցած տարվա համեմատ մսի գինն աճել է 1000-1500 դրամով, այսինքն՝ 20-30 տոկոսով: Ֆերմերներից մեկն ասել է, որ սահմանին իրենից կերի ներմուծման հարկ են վերցրել: Միգուցե, դա արվում է, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական ապրանքնե՞ր ներկրվեն»,-նշեց փորձագետը:
Բերբերյանը հավելեց, որ Շիրակում բերքն արհեստական ստեղծված երաշտի պատճառով նվազել է 40 տոկոսով, քանի որ ջրամբարից ջուրը վաճառել են: «Չեն ուզում ասել, որ վաճառել են: Արդյունքում մենք ստիպված ենք ներկրել 150 հազար տոննա ալյուր:
Այս տարի տեղումների աննախադեպ քանակ է եղել: Կարող եմ ասել, որ շուտով կհայտնվի մեկը, ով վերահսկողություն կսահմանի երկրի ոռոգման համակարգի վրա եւ կբարձրացնի ոռոգման ջրի գները»,-ընդգծեց նա:
Փորձագետը հիշեցրեց պատերազմի արդյունքում գյուղատնտեսական ներուժի կորստի մասին՝ 3700 հա այգի, 50 հազար հա ցանքատարածք, 150 հազար գլուխ անասուն եւ այլն: