Ադրբեջանի նախագահը նպատակ ունի վերջնականապես փակել արցախյան հիմնահարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Ալիևը թուրքական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հետպատերազմական իրավիճակի մասին մի քանի հայտարարություններ արել: Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ հիմնական ուղերձներ է նա իր հարցազրույցով հղել Հայաստանին ադրբեջանագետը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ որոշ ուղերձներ, ըստ էության, կրկնվում էին, մասնավորապես, վերջին շրջանում շարունակաբար խոսում է երկու հիմնական թեզերի մասին: Առաջինը, իրենց ձևակերպմամբ՝ պայմանական «Զանգեզուրի միջանցք» ասվածն է, և երկրորդը՝ «խաղաղության պայմանագիր» ասվածը: Հայաստանին ուղղված ուղերձները հիմնականում սրա շուրջ էին կառուցվում: «Խաղաղության պայմանագիր» ասելով և այդ հարցը առաջ բերելով՝ Ադրբեջանի նախագահը, իհարկե, նպատակ ունի վերջնականապես փակել արցախյան հիմնահարցը և թույլ չտալ Արցախի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ծավալում, որի մասին խոսել են և՛ Հայաստանի ղեկավարությունը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա դրանով Ադրբեջանի նախագահը ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների, մասնավորապես, Սյունիքի ուղղությամբ: Այդ հարցում Ադրբեջանի նախագահը ստանում է Թուրքիայի անթաքույց ու անվերապահ աջակցությունը: Դա արտահայտվում է նաև համատեղ ստորագրված Շուշիի հռչակագրով: Պետք է նաև նկատել, որ Ադրբեջանի նախագահը սպառնում է այդ նույն խաղաղության պայմանագրով և ասում, որ եթե Հայաստանը, այսպես ասած, դասեր չի քաղել, ապա իրենք պատրաստ են նորից անցնել իրենց գործողություններին: Այդպիսով նա ակնարկում էր հնարավոր սադրանքների ու սահմանային լարվածության մասին, ինչի ականատեսը եղանք այսօր առավոտյան Սև լճի տարածքում և Երասխի հատվածում, երբ հայ զինծառայող է զոհվել դիպուկահարի կրակոցից»։
Սոնա Գիշյան