Բոլոր ոլորտները ձախողված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունները կարծես թե այլ իրականության մեջ են ապրում։ Նրանք խոսում են երկրի համաչափ, համամասնական զարգացման անհրաժեշտության մասին` կարևորելով հատկապես սահմանամերձ համայնքների զարգացումը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տեղ ձախողվում են։ Սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում ակնհայտ է, որ Երևանի և ՀՀ մյուս վարչատնտեսական տարածքների միջև տարբերությունը շատ է։ Վիճակագրության համաձայն` Երևանը ՀՀ միակ բնակավայրն է, որի բնակչությունն այս տարի աճել է: Երևանում է ապրում երկրի մշտական բնակչության 37 տոկոսը (այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ): Անցած տարվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելիս` պաշտոնապես հայտարարվեց, որ մեր արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է 105.010 մարդ: Նրանցից 44.627-ը (արդյունաբերության ոլորտի աշխատողների 42.5 տոկոսը) երևանցիներն են: Սա, իհարկե, համեմատելի չէ այն փաստի հետ, որ երկրի 1000 խոշոր հարկատուների 87 տոկոսը մայրաքաղաքում գործող կազմակերպություններ են։
Օրինակ, այս տարի հագուստի արտադրության ոլորտում Երևանին է «բաժին ընկել» 46 տոկոսը: Մինչդեռ այս ոլորտը ժամանակին մայրաքաղաքից դուրս էլ զարգացած էր: Շինարարության ոլորտում էլ պատկերը նույնն է: Երկրում այս տարվա առաջին կիսամյակում իրականացված շինարարական աշխատանքների կեսից ավելին (50.5 տոկոս) կատարվել է մայրաքաղաքում: Կից աղյուսակից նկատվում է, որ բյուջեի հաշվին կատարված շինարարական աշխատանքներն ավելի համամասնորեն են բաշխված: Մայրաքաղաքի մասնաբաժինն այս դեպքում 31,1 տոկոս է: Բայց պետք չէ մոռանալ, որ բյուջեն ինքը փոքր (28.9 տոկոս) մասնաբաժին ունի շինարարության ընդհանուր ծավալում: Շինարարության ծավալների աղյուսակը, կարծում եմ, ուշադիր վերլուծության կարիք ունի: Հատկապես այն հետաքրքիր է դիտարկել սահմանամերձ տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ իշխանությունների համարյա «ծնողական հոգածություն» հիշեցնող ելույթների ֆոնին:
Սոնա Գիշյան