Ազնիվ չեն շահարկումները՝ Գյումրիում Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված աջակցության շուրջ. Իվետա Տոնոյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱռնվազն ազնիվ չէ շահարկել Գյումրիում Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված աջակցության բաշխման գործընթացը:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Բոլորն էլ գիտեն, թե որքան մեծ է Գյումրիում աջակցության կարիք ունեցող ընտանիքների թիվը: Գագիկ Ծառուկյանը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել տարբեր ծրագրեր իրականացնելու համար, որոնցից 30 միլիոնը բաշխվել է տնակային ավաններում բնակվող ընտանիքներին, իսկ 10 միլիոնը՝ Շիրակ կենտրոնին՝ տնակներում բնակվող ընտանիքների համար վառելափայտ գնելու նպատակով: Սա հսկայական աշխատանք է, որը մի քանի օր շարունակ, առավոտից մինչ ուշ գիշեր, տասնյակ երիտասարդներ Գյումրիում իրականացրել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ: Եվ կատարված ահռելի աշխատանքը գնահատելու փոխարեն՝ փորձ է արվում նմանատիպ էժանագին միջոցներով ցեխ շպրտել բարեգործական այս հսկայածավալ նախաձեռնության վրա: Գիտեք՝ լավ կլիներ, որ մարդիկ մի քիչ ավելի բարի լինեին, կարողանային տեսնել լավ ու բարի գործը, քան թե վատաբանել ու սև կատու փնտրել այնտեղ, որտեղ այն իրականում չկա»,-ասաց նա:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի կողմից Գյումրիին տրամադրված աջակցությունն անընդհատ է ու շարունակական: Տարվա ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ բնակարաններ է գնել և նվիրել դրանց անհրաժեշտությունն ունեցող ընտանիքներին, հազարավոր սննդի պարկեր են բաշխվել տնակային ավաններում, և նմանատիպ բազմաթիվ այլ ակցիաներ իրականացվել:
«Այնպես որ, ևս մեկ անգամ հորդորում եմ. որքան էլ որ բարդ է չարության ու մարդկային չկամության ֆոնին դա անել, այնուամենայնիվ, փորձեք մի փոքր ավելի բարի լինել»,-ասաց Տոնոյանը: