«Ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու»․ Փաշինյանը շքանշանը փոխանցեց Կոմանդոսի որդուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետի պաշտոնակատարը ցավով է նշել, որ «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչումը հանձնում է ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ նրա որդուն։«Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են։
Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել։ Նա հույս է հայտնել, որ այս կոչումը կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը: