Ոչ մի դեմարկացիա առանց Արցախի կարգավիճակի. Ծատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ ռուս քաղաքագետ Սարգիս Ծատուրյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն ուղիղ եթերի ընթացքում:
«Կարո՞ղ է Ռուսաստանը երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը»․- նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել է Բալաշիխայի դպրոցական Երեմ Հարությունյանը:
Ափսոս, որ հարցը ուղիղ եթերում չի տրվել: Ըստ ամենայնի, նախագահի աշխատակազմի պաշտոնյաները որոշել են ավելորդ անգամ ռիսկի չգնալ: Պատանին նախ շնորհակալություն է հայտնել Կրեմլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար (որը իրականում կարգավորված չէ), իսկ հետո հարց է ուղղել Ռուսաստանի Դաշնությանը Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ունակության մասին: «Եկեք ապրենք խաղաղությամբ» ոճով Պուտինի պատասխանը կրկնել է Ալիևի կոպիտ քարոզչական թեզերը և դա ոչ մի կերպ սազական չէ, քանի որ պաշտպանում է ագրեսորին՝ Բաքվի մինիսուլթանությանը: Կրեմլը մինչ օրս հրաժարվում է հրապարակավ խոսել Արցախի կարգավիճակի մասին, բայց Պուտինը պատմում է եռակողմ խմբի մասին, որն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը որոշելու ուղղությամբ: Այսինքն խաղը շարունակվում է մեկ (հայկական) դարպասի վրա: Եվս մեկ անգամ կրկնում եմ. Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի ցանկացած բանակցություն Ադրբեջանի հետ «պետական սահմանի» շուրջ, քանի դեռ չի որոշվել Արցախի միջազգային իրավական կարգավիճակը նախկին ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի սահմաններում: Նախ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ անհրաժեշտ է որոշել Արցախի կարգավիճակը, այնուհետև միայն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիա հաշվի առնելով արդեն միջազգայնորեն ճանաչված Արցախի սահմանները: Մնացած ամեն ինչ խաբեություն է, որը պետք է վճռականորեն մերժվի»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը